Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին։
Կողմերը ողջունել են միմյանց, խոսել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Ավստրալիայի միջև երկկողմ հարաբերությունների ձևավորման, այն զարգացնելու հնարավորությունների շուրջ։
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության պատմությունը, գործառույթները, գործունեության յուրաքանչյուր ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված պետական քաղաքականությանը, ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությանը, «Ինժեներական քաղաք» ծրագրի նշանակությանը, հետազոտությունների ու մշակումների (R&D), թվայնացման, կիբեռանվտանգության, միկրոէլեկտրոնիկայի ոլորտներին և մի շարք այլ թեմաների։
Ջոն Գիրինգն իր հերթին նշել է, որ Ավստրալիայի տնտեսությունը հիմնված է առավելապես մասնավոր հատվածի վրա՝ հիմնական ուղղվածությունը գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներն են։
Դեսպանն անդրադարձել է նաև Ավստրալիայում հայկական սփյուռքին՝ համագործակցության ձևավորման և զարգացման համատեքստում կարևորել նրանց մասնակցությունը:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև գործակցության ամրապնդման ուղղությամբ։
RUB | 4.25 | 0.01 |
USD | 387.52 | -0.17 |
EUR | 419.49 | 0.90 |
GBP | 488.39 | 1.65 |
CAD | 284.25 | 0.58 |
JPY | 24.88 | 0.09 |
CNY | 53.65 | 0.06 |
CHF | 427.96 | 0.75 |