Արմինֆո. Առաջիկայում Տավուշի մարզում կբացվի պանրագործության դպրոց, որը կստեղծվի Ֆրանսիայի աջակցությամբ: Այդ մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի հետ հանդիպման ժամանակ հաղորդել է Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի ֆինանսական հանձնաժողովի անդամ (AMRF) և Բուրգունդիա-Ֆրանշ-Կոնտե շրջանի Աղսո քաղաքի քաղաքապետ Բրունո Բետնոն:
Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Բրունո Բետնոն ներկայացրել է Ֆրանսիայում ասոցիացիայի աշխատանքային փորձը, մասնավորապես, խոսելով ֆրանսիական համայնքների արդյունավետ համագործակցության մասին: Նա կարևորել է նաև համայնքների կապը կրթական հաստատությունների հետ, ինչպես նաև ճանապարհաշինության և վերականգնվող էներգիայի ոլորտում տարվող աշխատանքները, որոնք առաջնային են համարվում Ֆրանսիայում:
Ողջունելով ֆրանսիական կողմի նախաձեռնությունները՝ փոխնախարարը կարևորել է երկու երկրների համայնքների միջև փորձի փոխանակումը և նշել դրա շարունակականության անհրաժեշտությունը: Հանդիպման արդյունքներով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիան ստորագրել են մտադրությունների մասին արձանագրություն, որով նախատեսվում է զարգացնել երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն գյուղատնտեսության, կրթության, զբոսաշրջության, հանրային ենթակառուցվածքների, ինչպես նաև հումանիտար ոլորտներում:
RUB | 4.21 | -0.05 |
USD | 388.01 | 0.28 |
EUR | 417.11 | -0.44 |
GBP | 484.90 | -1.43 |
CAD | 282.27 | -1.16 |
JPY | 24.97 | -0.13 |
CNY | 53.69 | -0.03 |
CHF | 426.99 | -0.40 |