Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ռանա Կարադշեհին և ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էին նաև ՄՖԿ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Իվանա Դուարտեն և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:
Ինչպես հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման մեկնարկին նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայությունը Հայաստանում, մասնավորապես կարևորելով վերջինիս կողմից ՀՀ-ում իրականացվող ներդրումների ընդլայնումը: Նախարարն ընդգծել է ՄՖԿ հետ համագործակցության ոլորտների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, ինչպես նաև հնարավոր նոր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը:
ՄՖԿ ներկայացուցիչները, շնորհավորելով Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, անդրադարձել են 2022 թվականին Հայաստանում արձանագրված բարձր տնտեսական աճին և նշել, որ տպավորիչ են համարում նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները: Նախարարը մանրամասներ է ներկայացրել նախորդ տարվա և ընթացիկ տնտեսական իրավիճակի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են Հայաստանում մասնավոր ներդրումների ընդլայնմանը միտված բարեփոխումների իրականացումը, ինչպես նաև այս համատեքստում փորձի փոխանակման շարունակականության ապահովումը:
Հայաստանի ՀՆԱ-ն 2022 թվականին աճել է 12,6% - ով (պետբյուջեում ամրագրված 7%-ի դեպքում)՝ գերազանցելով ոչ միայն 2021 թվականի 5,7%-ը, այլ նաև նախաքովիդյան 2019 թվականի 7,6% - ը:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |