Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է` 2021թ. հունիսի 1-ից ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության տարածքում պանրի և պաղպաղակի նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Օրենսդրական կարգավորումները նախատեսված են ՌԴ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 15-ի № 2099 որոշումով:
Ինչպես հաղորդել է ՊԵԿ մամուլի ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակնշման ազգային օպերատոր է սահմանվել «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն (ընկերության հասցեն է` ք. Երևան, Ազատության 24/1, հեռ.՝ +374 10 300 300, էլ. հասցե՝ [email protected]):
«Մինչ ազգային օպերատորի կողմից համակարգերի ներդրումը, հայաստանյան տնտեսվարողները Ռուսաստանի Դաշնության տարածք նշված ապրանքները տեղափոխելիս կարող են մակնշման տեղեկատվությունը փոխանակել ՌԴ ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների: Որպես ՌԴ ռեզիդենտ վստահված անձ կարող է հանդես գալ նաև արտասահմանյան ընկերության հավատարմագրված մասնաճյուղը:
Այսպիսով, Ռուսաստանի ներմուծող կազմակերպությունը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր և տրամադրել հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև Ռուսաստանի Դաշնություն ներմուծելը:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում դրոշմավորման ազգային օպերատոր է հանդիսանում «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» (Центр развития перспективных технологий) ընկերությունը: Ապրանքների մակնշման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում` честныйзнак.рф», - ասվում է հաղորդագրությունում:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |