Արմինֆո. 2024թ. մարտի 25-ից Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանումը փոխվել է: Ինչպես ասվում է ընկերության կայքում, նոր ֆիրմային անվանումը «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն է: Համապատասխանաբար, փոփոխվել են նաև Ընկերության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները, որոնցում «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության փոխարեն նշվել է «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ՄՏՍ-ը հայտարարել էր Հայաստանի Հանրապետությունում իր դուստր ընկերության՝ "ՄՏՍ Հայաստան" ՓԲԸ-ի (Viva-MTS ապրանքանիշը, սպասարկում է 2,3 միլիոն բաժանորդ) բաժնետոմսերի 100%-ի Կիպրոսի Fedilco Group Limited-ին վաճառելու գործարքի փակման մասին: Գործարքի պարագծի մեջ է մտել նաև "ՄոբիԴրամ" ՓԲԸ-ն, որը Հայաստանի շուկայում ֆինանսական ծառայություններ մատուցող վճարային համակարգ է, "ՄՏՍ Հայաստան"-ի 100% դուստր ընկերություն:
Մինչ գործարքը "ՄՏՍ Հայաստանը" պատկանում էր Aramayo Investments Limited-ին, որն, իր հերթին, լյուքսեմբուրգյան Allegretto Holding-ի միջոցով 100 տոկոսով ՄՏՍ-ի սեփականությունն էր: ԶԼՄ-ների տվյալներով, Fedilco Group Limited-ի շահառուներն են Չժե Ջանգը եւ Կոնստանտին Սոկոլովը: Aramayo Investments Limited-ից կիպրական Fedilco Group Limited-ին <ՄՏՍ Հայաստանի> 100% բաժնետոմսերի վաճառքին հայկական կարգավորիչը հավանություն էր տվել 2023 թվականի նոյեմբերին։ Fedilco-ի նմանատիպ հայտը հանձնաժողովի կողմից մերժվել էր 2023 թվականի ապրիլին, քանի որ այն "սպառնում էր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ պետական շահերին"
Նշենք, որ ՀՀ կառավարության փետրվարի 29-ի նիստում գործադիրի որոշմամբ, որպես նվիրատվություն է ընդունվել Հայաստանի Հանրապետությանը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս 1000 (հազար) դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի (թվով 550.000 հատ) 20 (քսան) տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:
«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը հանդիսանում է «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 1000 դրամ անվանական արժեքով թվով 550.000 հատ բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատեր: Ընկերության ընդհանուր ժողովի 16.02.2024 թվականի նիստում որոշում է կայացվել և ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը: