Արմինֆո.Բելառուսում արգելել են "Արարատի կոնյակի գործարանի" արտադրանքի ներմուծումը։ Այդ մասին հաղորդել է "Կոմերսանտ"-ը՝ վկայակոչելով Բելառուսի Հանրապետության առողջապահության փոխնախարար, գլխավոր սանիտարական բժիշկ Ալեքսանդր Տարասենկոյի համապատասխան որոշումը։
Մարտի 19-ի փաստաթղթում նշվում է, որ որոշումն ընդունվել է գործարանի արտադրած գինիներից մեկում ազորուբինի սինթետիկ ներկանյութի հայտնաբերման առնչությամբ: "Արարատի կոնյակի գործարան "ՍՊԸ - ի արտադրած սննդամթերքի՝ Մաքսային միության "Սննդամթերքի անվտանգության մասին", "Սննդամթերքն իր մակնշման մասով" տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի կազմի անհամապատասխանության հայտնաբերման կապակցությամբ որոշում եմ արգելել "Արարատի կոնյակի գործարան"-ի արտադրած սննդամթերքի Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծումը, իրացումը, պահպանումը, փոխադրումը, օգտագործումը", - ասված է փաստաթղթում:
Այդ որոշումը կայացվել է գործարանի կողմից արտադրանքի կազմի վերաբերյալ տեղեկատվության անհամապատասխանության հայտնաբերման պատճառով: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ <Այրում> նռան գինին պարունակում է ազորուբին սինթետիկ ներկանյութ' տվյալ սննդամթերքի կեղծման նշանների մասին վկայող քանակությամբ: Որոշման համաձայն, Բելառուսի տարածքում "Արարատի կոնյակի գործարանի" ողջ արտադրանքը պետք է դուրս բերվի առեւտրից եւ օգտահանվի։
"Արարատի կոնյակի գործարանը" գտնվում է Հայաստանի Արարատի մարզում: Գործարանում արտադրվում են կոնյակ, գինի, օղի, վիսկի և անուշաբույր ալկոհոլային խմիչքներ։ Ձեռնարկությունը պետք չէ շփոթել Երևանի կոնյակի գործարանի հետ։ "Արարատի կոնյակի գործարան" ՍՊԸ - ն արտադրում է արտադրանք "Տերրա Արմենիա", "Հայկական կոնյակ", "ՄԱՐԷ", "Ամարաս", "Կարոտ", "Անմար", " Ameny" ապրանքանիշով:
Նշենք, որ սոցիալական ցանցերի հայկական հատվածի օգտատերերի մի մասն ուղիղ կապ է տեսել հայկական կոնյակի ներկրումն արգելելու Բելառուսի իշխանությունների որոշման և այդ երկրի քաղաքացի Յարոսլավ Նովիկովին Մինսկին չհանձնելու Երևանի որոշման միջև, որը հայրենիքում մեղադրվում է բանակում ծառայությունից խուսափելու համար, իսկ մյուս մասը Բելառուսի իշխանությունների որոշումը կապել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ Հայաստանի բարձրագույն ղեկավարության "քաղաքականապես ոչ կոռեկտ" հանդիպումների հետ:
Հիշեցնենք նաև, որ անցած տարվա հոկտեմբերին "Վերին Լարս" անցակետում ռուսական կողմը ստուգել էր չափորոշիչներին որակի համապատասխանությունը և կալանել էր հայկական կոնյակի խմբաքանակ: