Արմինֆո. HSBC Հայաստանը վաճառելու որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում, ըստ որի, HSBC խմբի նպատակն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։ Այդ մասին ասվում է HSBC Հայաստան բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ՝ այն հայկական խոշոր բանկին՝ "Արդշինբանկ" ՓԲԸ-ին վաճառելու առնչությամբ:
Ինչպես ասվում է HSBC հոլդինգի հաղորդագրությունում, համաձայնություն է ձեռք բերել ամբողջությամբ իրեն պատկանող դուստր կազմակերպություն հանդիսացող «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) Արդշինբանկ ՓԲԸ-ին (Արդշինբանկ) վաճառելու շուրջ։ Գործարքը կիրականանա կարգավորող մարմինների հաստատումները ստանալու պայմանով։ Գործարքը նախատեսվում է ավարտին հասցնել տասներկու ամսվա ընթացքում։ Մինչ այդ HSBC Հայաստանը կշարունակի սպասարկել իր հաճախորդներին բնականոն կերպով։
Գործարքի համաձայն՝ HSBC Հայաստանի բոլոր աշխատակիցները գործընթացի ավարտից հետո կանցնեն աշխատանքի Արդշինբանկում։ Վերջինիս կփոխանցվի նաև այդ պահի դրությամբ HSBC Հայաստանի հաճախորդների սպասարկումը։
Միեւնույն ժամանակ, ինչպես նշվում է Արդշինբանկի հաղորդագրությունում, գործարքի գծով որպես Արդշինբանկի ֆինանսական խորհրդատու հանդես է գալիս Latif & Company (L&C)-ն, իսկ որպես իրավախորհրդատու՝ Latham & Watkins-ը:
ԱրմԻնֆո-ի վարկանիշային ծառայության տվյալներով՝ Արդշինբանկի ակտիվները 2023 թվականի վերջին կազմել են 4.04 մլրդ դոլար՝ այդ ցուցանիշով առաջատար դիրք զբաղեցնելով հայկական շուկայում: Ընդհանուր վարկային ներդրումների և այլ վարկերի չափը կազմել է 1.7 մլրդ դոլար: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 472.7 մլն դոլար (2-րդ հորիզոնական): Ընդհանուր պարտավորությունները կազմում են 3.6 մլրդ դոլար (1 - ին դիրք), որից 2.4 մլրդ դոլարը հաճախորդների հանդեպ ունեցած պարտավորություններն են (1-ին դիրք): Արդշինբանկն անցած 2023 թվականն ավարտել է 154.8 մլն դոլար զուտ շահույթով:
ԱրմԻնֆո-ի վարկանիշի համաձայն, HSBC Bank Armenia-ի ակտիվները 2023 թվականի վերջին կազմել են 719.7 մլն դոլար (12-րդ): Ընդհանուր վարկային ներդրումների և այլ վարկերի չափը կազմել է 456.3 մլն դոլար: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 149.8 մլն դոլար: Ընդհանուր պարտավորությունները կազմում են 569.9 մլն դոլար, որից 504.9 մլն դոլարը հաճախորդների հանդեպ պարտավորություններն են: 2023 թվականը HSBC Bank Armenia-ն ավարտել է 27.3 մլն դոլար զուտ շահույթով՝ տարեկան 38% աճով։
Հիշեցնենք, որ մինչև 2022 թվականը HSBC Bank Armenia-ի բաժնետերերն էին HSBC Europe B. V.-ն ՝ կապիտալում 70% բաժնեմասով, և Wings Establishment ընկերությունը՝ 30% բաժնեմասով, որը պատկանում էր անգլիացի հայազգի գործարար Վաչե Մանուկյանին: Վերջինս իր մասը վաճառել է 2022 թվականի առաջին եռամսյակում։ Հիշեցնենք, որ HSBC-ն Հայաստանում իր մասնաճյուղը բացել է 1996 թվականին: