Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախօրեին տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող շուրջ 30 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, պատասխանատու այլ պաշտոնատար անձինք:
Հանդիպման սկզբում վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է հասկանալ, թե ինչ խնդիրներ կան ոլորտում, պարզել ոլորտի զարգացման նպատակով կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունավետությունը, ինչպես նաև քննարկել առաջիկա անելիքները:
ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են, թե կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ինչ խնդիրներ են լուծել ոլորտում, ներկայացրել իրենց պատկերացումները գործող կարգավորումների լավարկման, ինչպես նաև առաջարկություններ ոլորտում առկա խնդիրները երկարաժամկետ կտրվածքով լուծելու վերաբերյալ:
Քննարկման արդյունքում վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, բարձրաձայնված խնդիրների շուրջ հետևողական աշխատանքներ իրականացնել, մշակել լուծման արդյունավետ մոդել, սահմանել ժամանակացույց և ներկայացնել հաջորդ հանդիպման ժամանակ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանը տեխնոլոգիական և տեխնոլոգիապես զարգացած երկիր տեսնելը ռազմավարական նպատակ է: «Իմ ուղերձը հետևյալն է, որ կառավարությունն ունի այդ քաղաքական կամքը, և դա մեզ համար ծրագրային թեզ է»,- հավելել է վարչապետը:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |