Արմինֆո. «Հայաստանն ու Դուբայը համագործակցության մեծ հնարավորություններ ունեն: Հնարավոր գործընկերային նախագծեր են հնարավոր ամենատարբեր ոլորտներում: Կնախապատրաստվեն և առաջիկա տարիներին կյանքի կկոչվեն ՏՏ ոլորտում երկկողմ համագործակցության ծրագրեր, որոնց ազդեցությունը ՀՀ տնտեսության որոշ ճյուղերի վրա նշանակալից կլինի»: Սա աշխատանքյաին այցով Հայաստանում գտնվող Դուբայի Սիլիկոնյան Օազիսի Գլխավոր տնօրեն Հանս Հենրիկ Քրիստենսենի կարծիքն է:
Մեյդ ին Արմենիա ՀԿ հրավերքով այցի շրջանակում պարոն Քրիստենսենը հանդիպումներ է ունեցել ՀՀ Էկոնոմիկայի և ԲՏԱ նախարարություններում, ISTC հիմնադրամում, ԻՏՁՄ-ում և ՏՀՏ գործատուների միությունում ու ՏՏ ոլորտի առաջատար ձեռնարկություններում, այցելել Թումո նորարարական կենտրոն:
«Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի: Դուբայի հետ համագործակցություն ենք դիտարկում ամենատարբեր ոլորտներում՝ սկսած ՏՏ ստարտ-ափերի աջակցությունից, նրանց զարգացման համար ներդրումների ներգրավումից մինչև Դուբայում հայաստանյան ՏՏ ընկերությունների մասնաճյուղերի բացում և հակառակը, ինչպես նաև հայ դեվելոփերների ներգրավումը Դուբայում կյանքի կոչվող նախագծերին»,- ասել է նա՝ նշելով բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացումը որպես գործընկերության ևս մեկ ուղղություն:
Դուբայում բլոկչեյն էկոհամակարգերի և թոքենացման նախագծերի վրա մասնագիտացող Բլոկսենթրո ընկերության Հիմնադիր նախագահ Հայկ Վարդանյանն, իր հերթին, անդրադարձել է թոքենացման և բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման, համաշխարհային տնտեսությունում օգտագործման միտումներին: «Թոքենացնել՝ այսինքն թվայնացնել հնարավոր է ցանկացած ակտիվ՝ ոսկի, անշարժ գույք, բաժնետոմս, պետական պարտատոմսեր կամ, օրինակ, ստարտ-ափ նախագիծ: Այդ ակտիվները, չլինելով ֆիզիկական, ավելի հեշտությամբ կարող են շրջանառվել համաշխարհային շուկայում՝ ներգրավելով ներդրումներ»,- ասել է նա:
Նախագծերի իրականացումը Հայաստանում նախատեսվում է Մեյդ ին Արմենիա ՀԿ միջոցով:
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |