Արմինֆո. «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև գազաէներգետիկ ծրագրերի ընթացիկ հարցերը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու հեռանկարները։ Մասնավորապես` անդրադարձ է կատարվել «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» նախաձեռնության (Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան) իրականացման հնարավորություններին։
Ի թիվս այլ հանդիպումների` փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը «Ռուսաստանյան Էներգետիկ շաբաթ» համաժողովի հարթակում զրույց է ունեցել «Ռոսատոմ» ՊԿ կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացմանը, ինչպես նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին։ Քննարկվել են նաև Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերը։
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերին Հայաստանը, Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը ստորագրել են քառակողմ հուշագիր, որով նախատեսվում է բարձրացնել էլեկտրաէներգիայի փոխհոսքերի կառավարման, էներգահամակարգերի անվտանգության և հուսալիության մակարդակը ։ Հուշագրի շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ ՝ ուղղված Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծմանը, ինչը հնարավորություն կտա աշխատել ԵԱՏՄ և ԵՄ էներգահամակարգերի հետ։
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |