Արմինֆո. Հայկական եվրոպարտատոմսերի նոր թողարկումը կառավարությունը նախատեսում է իրականացնել միայն 2020 թվականի սկզբին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման բաժնի վարիչ Արշալույս Մարգարյանը:
Ըստ նրա, եթե մինչև 2019 թվականի վերջը Հայաստանը չբախվի ոչ ստանդարտ իրավիճակի, երբ միակ լուծումը կարող է լինել եվրապարտատոմսերի նոր թողարկումը, ապա հերթական թողարկումն սպասվում է պետական պարտքի մարմանը 2020 թվականին: Թողարկման ծավալը, նշել է Մարգարյանը, հավասար կլինի այն գումարին, որը կուղղվի պետական պարտքի սպասարկմանը եվրապարտատոմսերով - 500 մլն.դոլար, կամ նույնիսկ մի քիչ ավելի շատ:
Եվրապարտատոմսերի հերթական տեղաբաշխումը, ընդգծել է նա, չի կարող լինել ինքնանպատակ: Նախքան նման որոշում ընդունելը կուսումնասիրվի կապիտալի ներքին շուկայի ներուժը, արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավման հեռանկարները: «Հակառակ դեպքում, այդ երևույթը շատ վտանգավոր է: Այդ միջոցին չի կարելի դիմել առանց ուսումնասիրելու «կողմ» և «դեմ» բոլոր հանգամանքները», - հայտարարել է Արշալույս Մարգարյանը, նշելով, որ նման հարցերում բարձր աստիճանի խոհեմության շնորհիվ է, որ ֆինանսների նախարարության համապատասխան մասնագետները վաստակել են միջազգային գործընկերների գնահատանքը:
Ահսօրվա դրությամբ Հայաստանում իրականացվել էեվրապարտատոմսերի երկու թողարկում: Առաջինը`2013-ի սեպտեմբերի 19-ին, 700 մլն.դոլար ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6.25% եկամտաբերությամբ: Դրանով կառավարությունը ժամկետից շուտ մարեց ռուսական 500 մլն.դոլարի վարկը: Հիմնական անդերռայթերներն էին` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc.: Ընդ որում, հայկական եվրապարտատոմսերի եկամտաբերությունը 2013-ի սեպտեմբերից մինչև 2014 թվականի հունվարի վերջը 6.25%-ից նվազեց մինչև 5,85-5,8%, բայց 2015-ի վերջին այն բարձրացավ մինչև 6.76%, իսկ 2016-ի վերջին իջավ մինչև 4.99%:
Սուվերեն պարտատոմսերի 500 մլն.դոլար ծավալով երկրորդ տրանշը, 10 տարի մարման ժամկետով և 7.5% եկամտաբերությամբ, Հայաստանը թողարկեց 2015-ի մարտի 19-ին: Թողարկումից ստացված մուտքերը կազմեցին 487 մլն.դոլար: Ստացված գումարի մի մասը`205 մլն.դոլարը, գնաց առաջին թողարկման պարտատոմսերի գնմանը, մարումով 2020 թվականին: Մնացած գումարը փոխանցվեց Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշվին և երկրի բյուջեի համակարգին: Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հայտնել էր ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը, եվրապարտատոմսերի երկրորդ թողարկումը հաջող էր: Փոխնախարարը վստահ է, որ եթե չլիներ 200 մլն.դոլար պարտքի հետգնումը 2015-ին, ապա Հայաստանի պետական պարտքի սպասարկումը 2020-ին կարժենար 921 մլն.դոլար, որքան կազմում է նաև 2016-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ գոյություն ունեցող պետական պարտքի սպասարկման գումարը, իսկ 921 մլն.դոլարին գումարած 200 մլն.դոլարը «մղձավանջ կլիներ բյուջեի համար:»: Մինչդեռ, փորձագետներ հայտարարում էին, որ դա, ըստ էության, ամենաթանկ արտաքին պարտքն էր, որը երբևէ ներգրավվել է կառավարության կողմից:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2017 թվականի հունիսի 30-ին կազմել է $ 6.140 մլրդ, դեկտեմբերի համեմատ աճը`3.34%: Հունիսի 30-ի դրությամբ, արտաքին ընդհանուր պարտքը կազմել է $ 4.942 մլրդ, իսկ ներքին պարտքը`$ 1,198 մլրդ: 2017-ից մինչև 2020 թվականը կառավարության պարտքի կանխատեսվող տարեկան աճը միջին հաշվով կկազմի $ 480 մլն: Այս տարվա հունիսի վերջին կառավարության պարտքը կազմել է $ 5,581 մլրդ, 2016-ի դեկտեմբերի համեմատ աճել է 2.64%: