Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում խորհրդակցություն է անցկացրել մարզի ղեկավարության հետ, որի ընթացքում, նախ և առաջ, ուշադրություն է հրավիրել համայնքների սեփական եկամուտների և աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալների ցածր մակարդակի վրա.
«Սակագները, որոնց մասին խոսում ենք, լրացուցիչ կամ անհաղթահարելի բեռ մեր քաղաքացիների համար չեն կազմում: Հետևաբար, այստեղ չկանոնակարգված դաշտ է: Ո´չ բեռ եք վերցնում, ո´չ սակագինը եք դնում, ո´չ կանոնակարգում եք և անընդհատ հանրապետական բյուջեից գումար եք ուզում: Մենք էլ պարզ ձևակերպել ենք, որ յուրաքանչյուր համայնքի սուբսիդավորումն իրականացնելու ենք հետևյալ սկզբունքով. ամենաշատը՝ ոչ թե ամենախեղճին, այլ ամենաշատ գործ անողին, բեռ վերցնողին»: Կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզպետին աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ և սեղմ ժամկետում ներկայացնել վերլուծություն՝ յուրաքանչյուր համայնքից սեփական եկամուտների և աղբահանության գումարների ակնկալվող ծավալների վերաբերյալ:
Մարզպետ Հովիկ Աբովյանն, իր հերթին, զեկուցել է, որ Տավուշի մարզի համայնքների սեփական եկամուտները կազմում են շուրջ 921.3 մլն ՀՀ դրամ: Մինչև տարեվերջ ակնկալվում է սեփական եկամուտների աճ՝ աղբահանության նոր պայմանագրերի կնքման և Նոյեմբերյան քաղաքում համայնքային շուկայի կառուցման հաշվին: Մարզում ձևավորվել է 4 խոշորացված համայնք՝ Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ և Այրում: Բերդի տարածաշրջանում խոշորացման գործընթացը նախատեսվում է 2017թ. աշնանը: Մարզի բոլոր 40 համայնքներն ունեն հնգամյա զարգացման ծրագրեր:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |