Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տեղական արտադրության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, կառավարության ղեկավարին են ներկայացվել ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ կատարվող աշխատանքները, հնարավորություններն ու ծավալները: Նշվել է, որ այժմ առարկայական կազմվում են այն ապրանքների խմբերը, որոնց ուղղությամբ հնարավոր է կազմակերպել այդ գործընթացը: Առաջարկվել է ձևավորել համապատասխան հարթակ, որտեղ ակտիվ շփումների միջոցով տեղական արտադրողը կկարողանա գտնել իր սպառողին, այդպիսով խթանելով արտադրությունը:
Վարչապետը նշել է, որ հարցին պետք է ցուցաբերել լուրջ, հետևողական ուշադրություն և ավելացրել. «Անհրաժեշտ է խելացի տարբերակ մշակել, որպեսզի մրցակցությունը չխաթարվի, բայց մենք ներուժ, հեռանկար ունեցող ֆերմերին պետք է օգնենք զարգանալ, խրախուսենք արտահանման աճը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016-ին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության դինամիկան անկումից հետո արձանագրել է 7.4% աճ, արտահանման 20% և ներմուծման 1.6% աճի հաշվին: 2017 թվականի I եռամսյակում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով աճել է 17.4%, մասնավորապես, արտահանումն աճել է 16.5%, իսկ ներմուծումը`17.9%, մինչդեռ մեկ տարի առաջ, 2016-ի I եռամսյակում ներմուծման ծավալների 15.9% անկման հետևանքով արտաքին առևտրի շրջանառությունն արձանագրել էր 3,8% անկում, չնայած արտահանման ծավալների 26.3% աճին:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |