Երկուշաբթի, 9 Հունիսի 2014 19:53
Արդշինինվեստբանկը թողարկում է ամբողջովին անհատական դիզայնով առաջին բանկային քարտը Հայաստանում
ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկը ներկայացնում է ՀՀ բանկային շուկայում նախադեպը չունեցող բանկային վճարային քարտ` Visa Individual:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Visa Individual քարտի դիմային մասը կարող է ամբողջովին ձևավորված լինել քարտապանի նախընտրությամբ` դարձնելով այն ինքնատիպ և անկրկնելի: Սա մեր յուրաքանչյուր հաճախորդին հնարավորություն կտա ընդգծելու իր անհատականությունը և ինքնուրույն ստեղծելու իր տրամադրությունը:
Այսուհետ Արդշինինվեստբանկի հաճախորդները հնարավորություն ունեն տեղադրելու կյանքի հիշվող և անմոռանալի պահերի, սիրելի և հարազատ մարդկանց լուսանկարն իրենց իսկ բանկային քարտի վրա:
“Բանկի պաշտոնական կայքում ինտեգրված համակարգը հնարավորություն կտա հաճախորդներին ինտերնետային ցանցի միջոցով տնային պայմաններում ներբեռնել իրենց նախընտրած լուսանկարը կամ համակարգում տեղադրված պատկերների հարուստ արխիվից ընտրել իրենց կողմից առավել հավանածը Visa Individual քարտի դիմային մասին պատկերելու համար: Արդշինինվեստբանկը հանդիսանում է առաջատարներից մեկը բանկային քարտերի շուկայում: Ունենալով ավելի քան 180.000 քարտապան մեր նպատակն է մատուցել բարձրորակ ծառայություններ մեր բոլոր քարտապաններին` ամրապնդելով վստահելի գործընկերոջ համբավը: Visa Individual քարտի միջոցով բավարարվում է յուրաքանչյուր հաճախորդի առանձնանալու, իր անհատականությունն ընդգծելու ցանկությունը”, – նշում է Մանրածախ բիզնեսի տնօրենի քարտային բիզնեսի գծով տեղակալ Ա. Գասպարյանը:
Նշենք, որ Արդշինինվեստբանկը Հայաստանի բանկային շուկայում գործում է 2002 թվականից: Բանկի մեծամասնական բաժնետերն է «Բիզնես-ներդրումների կենտրոն» ՍՊԸ`97.23%, իսկ մնացած 2.77% պատկանում է ֆիզիկական անձանց: Իր ակտիվներով բանկը 2014-ի ապրիլի 1-ի դրությամբ գտնվում է առաջատարների եռյակում` 671 մլն.դոլար: Բանկն ունի 220 հազար հաճախորդ, 92 բանկոմատ, մոտ 1080 աշխատակից 49 մասնաճյուղ Հայաստանում և 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում: