Արմինֆո. Անելիք Բանկի 5-րդ թողարկման անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են սահմանված ժամկետում: Պարտատոմսերը ձեռք են բերել և՛ ֆիզիկական անձիք, և՛ իրավաբանական անձիք` ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 12-ից սկսված գործընթացի արդյունքում տեղաբաշխվել է 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով պարտատոմս: Տեղաբաշխված մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 5.75 տոկոս է:
Սա Բանկի կողմից պարտատոմսերի արդեն հինգերորդ և հոբելյանական տեղաբաշխումն է: Բանկն արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային և դրամային պարտատոմսերի 5 տրանշ ընդհանուր՝ 20 մլն ԱՄՆ դոլար և 1 մլրդ ՀՀ դրամ ծավալներով:
«Պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքը վկայում է Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ շուկայում առկա մեծ հետաքրքրության մասին: Այն հետաքրքիր գործիք է ոչ միայն հաճախորդների, այլև Բանկի համար: Բանկը մտադիր է շարունակել պարտատոմսերի թողարկման իր ծրագիրը:»,- ասել է Անելիք Բանկի ֆինանսական տնօրեն, վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Մելիքյանը:
Տեղաբաշխմանը կհետևի պարտատոմսերի ցուցակումը "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" կորպորատիվ պարտատոմսերի բորսայական հարթակում արժեթղթերի համար երկրորդային շուկա ապահովելու նպատակով:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ բանկի կայքում `www.anelik.am կամ զանգահարել (010) 59-33-33 հեռախոսահամարով:
Նշենք, որ ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում շրջանառվում են Անելիք Բանկի արժեկտրոնային պարտատոմսերի չորս տրանշերը`երեքը դոլարային - 5 մլն դոլար ծավալով և մեկ դրամային - մեկ մլրդ դրամ ծավալով: Առաջին տրանշը (դոլարային) Անելիք Բանկն իր պատմության մեջ առաջին անգամ թողարկեց 2016 թվականի դեկտեմբերին: Դրանց տարեկան եկամտաբերությունը կազմում է 6.5%, շրջանառության ժամկետը` 2 տարի: Ցուցակումը ֆոնդային բորսայում առաջին թողարկումն անցավ 2017-ի հունվարի 20-ին և շրջանառվում են Abond հիմնական ցուցակում: Երրորդ թողարկումը, ՀՀ դրամով, որը թողարկվել է այս տարվա մարտի 15-ին, որի առաջնային տեղաբաշխումն ավարտվել է ապրիլի 12-ին, ֆոնդային բորսայում սկսեց շրջանառվել 2017-ի ապրիլի 27-ից: Դոլարային 4-րդ տրանշը, որը թողարկվել էր այս տարվա հունիսի 27-ին, տեղաբաշխվել է սեպտեմբերի 11-ին և բորսայում շրջանառվել սեպտեմբերի 23-ից: Բանկի կողմից թողարկված դոլարային պարտատոմսերի եկամտաբերությունը, առաջին թողարկումից մինչև հինգերորդ թողարկում իջել է`6,5% -ից մինչև 5,75%, իսկ դրամով թողարկման համար կազմել է 12,25%: Անելիք Բանկի բոլոր թողարկումների համար սահմանել է 2 տարի շրջանառություն: Անելիք Բանկի պարտատոմսերի բոլոր տրանշերը բորսայում շրջանառվում են Abond հիմնական ցանկում:
Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):