Արմինֆո. Հիփոթեքային վարկավորման ցուցանիշով Հայաստանի բանկային համակարգի առաջատար դիրքերում գտնվող Կոնվերս Բանկը վերանայել է «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում վարկավորման պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքը և երկարաձգելով ժամկետը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
«Կոնվերս Բանկը կարևորում է երիտասարդ ընտանիքների համար վարկավորման լավագույն պայմանների ստեղծումը, երիտասարդների համար հասանելի, մատչելի պրոդուկտների գործարկումը՝ պարբերաբար հանդես գալով շահավետ առաջարկներով: «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում վարկավորման տոկոսադրույքի վերանայմամբ բնակարանի ձեռքբերումը հասանելի է դառնում ավելի մեծ թվով երիտասարդների»,- ասել է Կոնվերս Բանկի Վարկավորման բաժնի պետ Տարոն Հովսեփյանը:
Մասնավորապես, ծրագրի շրջանակներում Բանկն առաջարկում է առավելագույնը 17,5 մլն դրամի, մարման մինչև 20 տարի ժամկետով վարկեր՝ Հայաստանի բանկային շուկայում ամենամրցունակ՝ 8,5 տոկոս տարեկան դրույքաչափով: Ըստ որում, այդ տոկոսադրույքը կիրառվում է Հայաստանի ողջ տարածքում: Երևանում վարկավորման տոկոսադրույքը սուբսիդավորվում է 2%, մարզերում՝ 4%-ով:
Զուգահեռաբար, Կոնվերս Բանկում վերանայվել է նաև «Ազգային հիփոթեքային ընկերության» ֆինանսավորմամբ իրականացվող բնակարանային միկրովարկերի տոկոսադրույքը: Այն ներկայում տարեկան 12 տոկոս է՝ նախկին 13-ի փոխարեն:
Ըստ Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, Կոնվերս Բանկը 23.3 մլրդ դրամ, կամ 48.5 մլն դոլար ծավալով երկրորդ տեղն է զբաղեցնում հիփոթեքային վարկերի շուկայում, տարեկան աճը`16.3%, իսկ միայն առաջին կիսամյակում`12.6% -ով (II եռամսյակում `9.7%): Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում հիփոթեքի մասնաբաժինը կազմել է 16,4%, իսկ բանկային հատվածի ընդհանուր հիփոթեքային վարկերի կառուցվածքում Կոնվերս Բանկի մասնաբաժինը կազմել է 12%: Բանկի սպառողական վարկերի ծավալը տարեկան կտրվածքով աճել է 31,5%, մինչև 37,6 մլրդ դրամ, կազմելով վարկային պորտֆելում ավելի քան 26%-ը: Բանկի մանրածախ վարկային պորտֆելը կազմել է 61.2 մլրդ դրամ կամ 127,4 մլն.դոլար, տարեկան աճը`25%, իսկ միայն առաջին կիսամյակում`17% -ով (II եռամսյակում` 11.4%): Բանկի վարկային ընդհանուր պորտֆելում մանրածախի մասնաբաժինը կազմել է 43%, իսկ բանկային հատվածի մանրածախ վարկավորման ընդհանուր պորտֆելում Կոնվերս Բանկի մասնաբաժինը հասնում է 8%-ի: Բանկի վարկային եկամուտը տարեկան կտրվածքով ավելացրել է 24.5%: 2017 թվականի առաջին կիսամյակը Կոնվերս Բանկը եզրափակել է 1,5 մլրդ դրամի զուտ շահույթով, տարեկան աճը`53,1%:
Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն գործում է 1996 թվականի սեպտեմբերից: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն են`«Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն (80.94 %), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06 տոկոս) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5%):-