Արմինֆո. ՀՀ կառավարության մայիսի 18-ի նիստում Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձել է հանրապետությունում, այդ թվում՝ Սևանա լճին հարակից տարածքներում և Երևանի կենտրոնում գտնվող պարապուրդի մատնված անշարժ գույքի խնդրին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի ողջ տարածքում առկա է մեծ քանակությամբ պարապուրդի մատված գույք, չնայած այն հանգամանքին, որ դրանք ունեն բավականին լուրջ ներուժ՝ հավելյալ արժեք ստեղծելու համար:
Կարեն Կարապետյանը, դիմելով ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին, հետաքրքրվել է, թե ինչ փուլում է այդ գույքի հաշվառումն ու ուսումնասիրությունը: Վարդան Արամյանը որոշ մանրամասներ է ներկայացրել տարվող այդ ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ և նշել, որ ավելի ամբողջական տեղեկատվությունը կներկայացվի առաջիկայում:
Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ընդգծել է, որ աշխատող բիզնեսը լրացուցիչ բեռ չպետք է ստանա, իսկ այն բիզնեսի նկատմամբ, որը չի աշխատում, պետք է կիրառել պրոգրեսիվ գույքահարկ: «Աշխատող բիզնեսի մոտ պրոգրեսիվ գույքահարկը ջնջվում է, լրացուցիչ բեռ չի առաջանում, մյուսի մոտ առաջանում է: Ինչ վերաբերում է Երևանի կենտրոնին, ապա Երևանի քաղաքապետարանը պետք է որոշի և կարծում եմ տրամաբանական ժամկետ սահմանի՝ նշելով, որ եթե գույքն աշխատեցնեն, ապա պրոգրեսիվ գույքահարկ չի կիրառվելու, հակառակ դեպքում՝ կիրառվելու է: Դա պետք է լինի կանխատեսելի և այնպես չստացվի, թե մենք բիզնեսի համար պայմանը փոխում ենք՝ առանց իրեն զգուշացնելու»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նաև շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մաղթելով նորանոր հաջողություններ. «Ամեն ինչով սատարելու ենք, որպեսզի Երևանը դառնա ավելի լավը»:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |